«Շարական» անսամբլ - Ուստի՞ կուգաս (Armenian folk song)

127 Views
Published
Ակնա ժողովրդական «Ուստի՞ կուգաս» երգը կատարում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը: Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ: Երգի նկարագրությունը վերցված է կայքով հեռարձակվող իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից:
Այս երգը Կոմիտասի «Շար Ակնա» ժողովածուի մեջ ընդգրկված է «Հին երգեր» խորագրի տակ: Կա նաև Միհրան Թումաճանի «Հայրենի երգ ու բան» ժողովածուի 2-րդ հատորում: Դանիել Երաժիշտը, մեզ հետ զրույցում, ասաց.
- Սա ես համարում եմ հանճարեղ երգ: Ակնն առհասարակ հարուստ ավանդույթներով, Եփրատի ափին, դրախտի կենտրոնում գտնվող մի հայաշատ բնակավայր էր: Սիրո երգ է սա, որտեղ տեսնում ենք անուշիկ, ժողովրդական երգերի մեջ հանդիպող կերպարներ ու պատկերներ: Ես բազմաձայնել եմ՝ չխանգարելով գեղեցիկ մեղեդին: Մենք շատ ենք սիրում այս երգը, ձայնագրել ենք և հաճախ կատարում ենք:
Երգում երիտասարդ տղայի առջև հանկարծ երևում է մի աննկարագրելի գեղեցիկ աղջիկ, որ գալիս է դեպի այգին: Երիտասարդ տղան, ապշանքից՝ բերանը բաց, հազիվ ուշքի գալով, կարծես թոթովելով, հարցնում է, թե որտեղի՞ց եկավ այս աղջիկը: Ապա տեսնելով, որ նրա գոգնոցի մեջ խաղողի ողկույզներ են լցված, խնդրում է մեկն իրեն տալ: Բայց ո՛չ, խաղողը չի կարող իր՝ հենց նոր կրակված սիրտը հանգստացնել, տղան խնդրում է նաև մեկ համբույր տալ՝ օրհնելով նրա մոր հոգին, որ այսպիսի աստվածային, հրեշտակի նմանվող էակի է լույս աշխարհ բերել: Եվ խոստովանում է տղան, որ թեպետ հենց նոր տեսավ աղջկան, բայց արդեն սիրում է նրան:
Հաջորդ պահին տղան ինքնամոռաց դիտում է աղջկա հուշիկ քայլերը: Նրա ոտքը փուշ է մտել, և քայլերը շատ զգույշ է դնում: Կարծես տեսնում ենք աղջկա ճերմակ ոտնաթաթերը, որոնք հազիվ երևում են փեշի տակից: Տղան, առավել հիացած նրա հեզիկ շարժումներից, նորից է զգում իր սիրտը ջերմացնող այս նոր կրակը և դարձյալ ուզում է այն հովացնել համբույրով, պատկերացնելով, թե աղջկա բարակ իրանն իր գրկի մեջ առած որքան անուշ համբույր կդրոշմեր նրա շուրթերին:
Ապա տղան մի նոր պատկեր է տեսնում իր առջև, որից էլ ավելի է ինքը խենթանում. աղջիկն այգում, մի առվի ափին, նստել ու լվացք է անում, և մինչ ձեռքերով տրորում է հագուստը, հագի զգեստի վերին կոճակներից մի քանիսը քանդվել են՝ բացելով գեղեցիկ ճերմակ կուրծքը: Եվ տղան, իրեն կարծես վաղուց արդեն ծանոթ ու մտերիմ համարելով այս աղջկան, նկատում է, որ այս կողմերով անցնող մի անծանոթ տղա ևս աղջկա կերպարանքից խենթացած նրան է նայում:
Armenian folk song "Ousti kugas". Performs Sharakan early music ensemble. Soloist Armenouhi Seyranyan. Conductor Daniel Yerazhisht.
Երգի խոսքերը`

Ուստի՞ կուգաս վեր ի էգուն,
Կուզ մի խաղող փըրցուր գոգուն,
Պագիկ մը տուր մորըդ հոգուն:

Այ գյուլում, ջան ես,
Նոր տեսա ես քեզ,
Սիրեցի ես քեզ:

Ուստի՞ կուգաս հուշիկ - մուշիկ,
Ոտքըդ է խըրեր մանտըր փուշիկ,
Դուն պըստըլիկ, պագդ անուշիկ:

Այ գյուլում, ջան ես,
Նոր տեսա ես քեզ,
Սիրեցի ես քեզ:

Էգին նըստեր` լըվացք կաներ,
Ճերմակ դոշերը բաց կաներ,
Էլին տըղեն խելաց կաներ:

Այ գյուլում, ջան ես,
Նոր տեսա ես քեզ,
Սիրեցի ես քեզ:

Կուզ - ողկույզ
Փըրցնել - փռել, ցրել, շաղ տալ
Էլին - օտար, անծանոթ
Խելաց կաներ - խելքից հանում էր, խենթացնում էր
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment