«Շողակն» անսամբլ - Տիկ զարկեմ (Armenian folk)

145 Views
Published
Հայ ժողովրդական աշխատանքային երգ (Խնոցու երգ)՝ «Տիկ զարկեմ» (Շատախ): Կատարում է «Շողակն» անսամբլը: Մենակատար՝ Հասմիկ Հարությունյան: Լուսանկարներում՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառը և Վիշապասար (Օձասար) լեռը: Տեղեկությունները վերցված են կայքով հեռարձակվող «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից:
Խնոցին հատուկ ձևով պատրաստված տակառաձև կամ երկարավուն անոթ էր, միջնամասում ուռուցիկ, իսկ կենտրոնում անցք ուներ, որի միջոցով նրա մեջ էին լցնում կաթի սերուցքը, ապա, հարելուց հետո դատարկում ստացված բաղադրությունը: Հայաստանում գործածվել է երկու տեսակ խնոցի՝ կավից պատրաստված, որ կավե կարասի էր նման և հարում էին գետնին նստած, կամ փայտե, երկարավուն խնոցիներ, որոնք եզրերին ելուստներ ունեին՝ առաստաղի գերաններից կախելու համար և հարում էին ձեռքով կամ ոտքով ետ ու առաջ հրելով: Ըստ սովորության, խնոցին հարում էին երկու կին՝ գերդաստանի ավագ սերնդից: Նրանք պետք է խնոցին տարուբերեին միատոն հրելով իրար, որի արդյունքում խնոցու մեջ լցված կաթի սերուցքը հարվում էր և միմյանցից զատվում էին կարագն ու թանը:
Հայաստանի տարբեր վայրերում խնոցին նաև անվանել են ձձում կամ ծփոց: Այս վերջին անունը հավանաբար առաջացել է նրա մեջ պատերին զարկվող թանի ձայնից՝ ճողփյունից, ծփոցից: Եւ սերուցքը հարող կանայք աշխատանքի ընթացքում նաև բազմաթիվ երգեր են երգել, որոնք ստացել են խնոցու երգ ընդհանուր անվանումը: Այս խնոցու երգը մեզ ավանդվել է Շատախի հայերից: Առաջին քառատողում կանանցից մեկը երգում է, որ իրենց ձձումը, այսինքն խնոցին, նախշուն է: Հավանաբար նրա վրա գեղեցիկ նախշեր են փորագրված եղել: Ապա ասում է՝ (գդալով) զարկեմ, տիկից յուղ հանեմ և ճաշ եփեմ: Խոսում է այն մասին, որ հարելու արդյունքում կարագ է ստացվում, որը լցրել է յուղի համար նախտեսված կավե կճուճի մեջ, որով այժմ պետք է սարակտիրուն, այսինքն սարվորների, սարում աշխատողների համար ճաշ պատրաստեն: Ապա հաջորդում է կրկներգը, որտեղ խնոցու միջի կիսահեղուկ զանգվածի տարուբերվելուց արձակած ձայներն է կարծես ընդօրինակում՝ ցամփ հա ցըմփ զարկեմ, եղ հանեմ, հետո ասում է՝ մեր տունը շեն անեմ: Չէ՞ որ տան շեն, կանգուն, կյանքով լի մնալու համար ապրուստ ու կերակուր է պետք և ահա, կարագը դրա մի մասն է կազմում, որն իրենք պատրաստում էին:
Armenian folk song "Tik zarkem". Performs "Shoghakn" ensemble. Soloist Hasmik Harutyunyan. In the pictures: Yerndjak province of Syuniq state of Great Armenia and the mountain Vishapasar (Odzasar).
Երգի խոսքերը՝

Մեր ձըձում նըխշուն ի,
Յոթը մաքյու մածուն ի,
Տիկ զարկեմ՝ յեղ հանեմ,
Սարակտիրուն ճաշ անեմ:

Ցամփ, հա, ցըմփ զարկեմ,
Նուկիմ յեղ հանեմ,
Ցամփ, հա, ցըմփ զարկեմ,
Մեր տուն շէն անեմ:

Մեր ոչխար զատու ի,
Բերատեղ մոտու ի:
Տիկ զարկեմ, յեղ հանեմ,
Սարակտիրուն ճաշ անեմ:

Երգի խոսքերը տրամադրեց Հասմիկ Հարությունյանը:

ձըձում - խնոցի
սարակտիրուն - սարում աշխատողներին, նրանց համար
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment