"Akounq" ensemble - Qele lao (Armenian folk song)

99 Views
Published
Կա տեսակետ, որ «Քելե լաո» երգը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունից հետո: Նրանում, իբրև, արտահայտված է հայրենի երկիրը կորցրած պապի հառաչալից զրույցը թոռան հետ, որտեղ անհուն կարոտով նկարագրում է իր բնօրրանը:
Սակայն մենք կարծում ենք, որ սա պանդուխտի երգ է և գալիս է շատ ավելի վաղ ժամանակներից. Հայաստանը դեռ 7-րդ դարում հայտնվել էր արաբական տիրապետության տակ, որոնց շատ շուտով փոխարինելու եկան սելջուկ թուրքերը, իսկ Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկումից հետո (1453 թ.) տարածաշրջանում հիմնավորվեցին օսմանյան թուրքերը: Այս բոլոր ժամանակներում հայ գեղջուկի դրությունն անչափ ծանր է եղել, անընդհատ կքած է եղել բարձր հարկերի տակ, մինչդեռ իր ստեղծած բարիքները խլում էին իրենից կամ գնում չնչին վճարով: Այդ պատճառով հաճախ էին ընկնում ծանր պարտքերի տակ, որոնք վճարելու համար այլ ճար չէր մնում, քան միայնակ կամ զավակների հետ պանդխտության մեկնելը օտարություն: Բայց ուրիշի հայրենիքում իրեն խորթ է զգում. այստեղ մարդիկ բոլորովին տարբեր սովորույթներ ու արժեքներ ունեն, քամահրանքով են վերաբերվում հայրենիքը օտարի լծի տակ թողած հայի հետ, շահագործում, թողնում մենակ ու անընկեր: Եվ դառնացած սրտով դիմում է իր որդուն, թե բավ է, ինչքան մնացին օտարների մեջ, էլ հնարավոր չէ դիմանալ նրանց սառնությանը, իսկ հայացքը հառելով թեկուզ գեղեցիկ, բայց խորթ սար ու ձորերին, երազում է տեսնել իր հայրենի գյուղը՝ շրջապատված մանկությունից հարազատ լեռներով, բարձրիկ սարերից նայել շուրջը և ըմբոշխնել հայացքի առջև ծովացող Սասնա գավառի համայնապատկերը: Իր միակ նպատակն ու երազանքն է բռնել որդու ձեռքից ու հարազատ ճամփաներով առաջնորդել իրենց գյուղի մոտի ձորը՝ խավըրծիլ հավաքելու, որը, ասես, դեղ էր ամեն հիվանդության դեմ: Լեռնային աղբյուրների ջրով սնված ծառն ու թուփը մի ուրիշ բույրով ու համով էին պտուղ տալիս, որի նմանը չկա օտար հողում:
Նա մտովի տեսնում է, թե հայրենի եզերքում ինչպես են արոսները կտուց կտուցի տալիս, խաղում իրար հետ, իսկ ծիծեռնակները, զվարթորեն թափահարելով սուրուլիկ թևերն ու պոչերը, սլանում երկնքում: Ապա նրա աչքին պատկերանում են սարերի լանջերն ի վեր թափված ժեռ քարերը, որոնք, ասես, նրանց ժայռե արցունքներն են՝ հայրենիքից հեռացած գեղջուկների կարոտից: Նա տեսնում է նաև իր հորն ու մորը, որոնք թեև դժվարությամբ են ապրուստ վաստակում, սակայն իր համեմատ, կարծես, ծաղկում են հայրենի հողում: Եվ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպես կլինի, ինչպես չգնան իրենց երկիրը:
Վերջին քառատողը, հավանաբար, ավելի ուշ շրջանում է ավելացված, որտեղ արդեն հիշատակվում են հայկական տարբեր քաղաքներ՝ Մուշ, Վան, Սասուն: Եվ գեղջուկն ասում է, որ թեկուզ մեր՝ հայերիս արյունն է հոսում նրանցով, բայց պետք է վերադառնալ հայրենիք: Եվ հոր կոչին՝ «Քելէ, լաո, քելէ էրթանք մըր էրկիր», որդին արձագանքում է. «Քելէ, ափո, քելէ էրթանք մըր էրկիր»:
***
Հայ գեղջուկի այս վիճակը թերևս ավելի սրվեց Հայոց ցեղասպանության տարիներին՝ նրան նոր թափով դուրս նետելով հազարամյա բնօրրանից: Թերևս այս է պատճառը, որ ամենաշատը երգվող և ամենատարածված երգերից է «Քելէ լաո»-ն ցեղասպանության տարիներից հետո. հայ մարդը դարձյալ հայտնվեց օտարության մեջ, որտեղ ամբողջովին զրկված է իր հարազատների ու հայրենակիցների փոխադարձ ջերմ ու հոգատար վերաբերմունքից, պարբերաբար արժանանում է օտարների քմահաճ վերաբերմունքին, ասես՝ ինքը ստորին դասի արարած լինի հայրենիքից հեռու: Եվ հայրենիքի՝ անդառնալի թվացող կորուստը ավելի մեծ ցավով է կեղեքում իր հոգին: Օտարության մեջ ծերացած՝ նա երազում է բռնել թոռան ձեռքը և ծանոթացնել հայրենիքի զարմանահրաշ գեղեցկությանը, նմանը չունեցող հող ու ջրին, նախնիների ստեղծած հոյակերտ կոթողներին:
Armenian folk song "Qele lao" performs "Akounq" ensemble.
Երգի խոսքերը՝

Քելէ՛, լաո, քելէ՛ էրթանք մըր էրգիր,
Տանիմ մըր ջուր, քաղինք մատղաշ խավըրծիլ,
Քաղինք, բերինք, ընինք մըզի ճար ու դեղ,
Քելէ՛, լաո, քելէ՛ էրթանք մըր էրգիր:

Ըմեն թըփին կ'իջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փըշուր ուտինք, մըր սիրտ հովընա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թըղ ծովընա,
Քելէ՛, լաո, քելէ՛ էրթանք մըր էրգիր:

Հոն արոսներ կըտուց-կըտցի կը երգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կը ծափին,
Քըրեր առանց մըզի արցունք կը թափին,
Քելէ՛, լաո, քելէ՛ էրթանք մըր էրգիր:

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կը ծաղկին,
Անուշ գիլան մըրմուռ ձենով կը կանչին.
Ի՞մալ կէղնի, ի՞մալ չէրթանք մըր էրգիր,
Քելէ՛, լաո, քելէ՛ էրթանք մըր էրգիր:

Էրթանք մըր Մուշ, էրթանք մըր Վան ու Սասուն,
Թեկուզ քանց գետ հոսի կարմիր մըր արուն,
Էլի՛, ափո, էլի՛ էրթանք մըր էրգիր,
Քելէ՛, լաո, քելէ՛ էրթանք մըր էրգիր:

Քելէ՛, ափո, քելէ էրթանք մըր էրգիր:



խավըրծիլ - ուտելի բույս
արոս - թռչնի տեսակ
քըրեր - քարեր
գիլան - Գիլան անունով կա լեռ Արևմտյան Հայաստանում՝ Ճորոխ գետի ստորին հոսանքում, ինչպես նաև ճանապարհային կայան՝ Էրզրումից Դիարբեքիր տանող ճանապարհին: Սակայն, կարծում ենք, այստեղ «գիլա» բառն է, որ որոշ բրբառներում նշանակում է խաղողի հատիկ:
իմա՞լ - ինչպե՞ս
քանց գետ - գետի նման, ինչպես գետը
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment