Yerevan chamber choir - Arevn ijav sari glkhun (Armenian folk song)

88 Views
Published
«Արևն իջավ սարի գլխուն» երգն է՝ երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան:
Այս երգի խոսքերի հեղինակն է Ավետիք Իսահակյանը: Բանաստեղծությունը տպագրվել է 1891 թվականին: Ինչպես վկայում է Դերենիկ Դեմիրճյանը, «Իսահակյանի երգերը սկսեցին հնչել 1890-ականներից, հնչեցին միանգամից զիլ ու բարձր: Իսահակյանի երգեցիկ լիրիկան, բացի իր՝ ժողովրդականին մոտ լեզվա-ոճական ֆակտուրայից, նաև իր տաղաչափությամբ և բնույթով զարմանալի ճկուն է եղել, փոխարինել է շատ ընդհանրացնող, ժողովրդական պատմական իղձերի, բազմազան պահանջների ծառայող հատկություն ունեցել»: Ահա, այսպես է բնութագրում Դերենիկ Դեմիրճյանը Իսահակյանի ստեղծագործությունները:
Իսահակյանի խիստ ժողովրդական բնույթի ստեղծագործության հարազատությունը Կոմիտասին ավելի քան հասկանալի է: Դա է վկայում և այն, որ դեռևս 90-ականներին գրի է առել նրա «Դարդըս լացեք» բանաստեղծության խոսքերով ստեղծված և նույնպես արագ ժողովրդականացած երգը:
Եվ ահա, հաջորդն էլ «Արևն իջավ սարի գըլխուն» երգն է, որ Կոմիտասի էլ վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն նա մշակել է որպես երկձայն երգ՝ ճեմարանական աշակերտների համար: Սա Կոմիտասի վաղ շրջանի բազմաձայնության գեղեցիկ նմուշներից է: Հետագայում Կոմիտասը երգը մշակել է թե՛ որպես մեներգ, թե՛ որպես խմբերգ: Ըստ Ռոբերտ Աթայանի, կարելի է ենթադրել, որ նախապես գոյություն է ունեցել Իսահակյանի ոտանավորի մի այլ տարբերակ կամ Իսահակյանի բանաստեղծությանը հիմք է ծառայել նախապես գոյություն ունեցած ժողովրդական մի ստեղծագործություն: Առաջին ենթադրությունը հաստատող որևէ փաստ չկա: Երկրորդ ենթադրության առումով հետաքրէիր է, որ Իսահակյանի բանաստեղծության առաջին տպագրության մեջ, որ լույս է տեսել 1893 թվականին, այն վերնագրված է «Ժողովրդական մոտիվ», թեև մասնագետները կարծում են, որ այդ խորագիրը նշում է բանաստեղծության ընդհանուր բնույթը, ոչ թե փաստական հիմքը:
Իսկ ինչի՞ մասին է երգը. ջահել սիրահարը, որ կարող է լինել ինչպես աղջիկը, այնպես էլ տղան, երգում է, որ արևն արդեն իջել է սարի գլխին, որի ստվերը ձգվել է այս կողմի դաշտերի ու բլուրների վրա, իսկ մթնշաղի տարածման հետ հավքերն էլ դադարեցրել են իրենց երգն ու թռիչքը և իրենց բներում խոր քուն են մտել: Միայն ինքն է, որ սիրո պատճառով չի կարողանում քնել: Ահա, արդեն լուսնյակի շողերն են երդիկից ներս թափանցում, Կշեռք համաստեղությունն է երևում երկնքում, և զով քամին է աստղերի հետ զրուցում: Եվ մեր սիրահարը հարցնում է պարզ երկնքի այդ նախշուն աչքերին՝ աստղերին ու մեղմ քամուն, թե արդյոք տեսել են իր յարին, որտե՞ղ է նա:
Երգի վերջին քառատողը ժողովրդական շարունակություն է:
"Arevn ijav sari glkhin", performs Yerevan chamber choir. Conductor Haroutyoun Topikian. Lyrics is by Avetik Isahakian, music is by Komitas.
Երգի խոսքերը՝

Արևն իջավ սարի գըլխուն,
Դար ու դաշտում լույս չըկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն, –
Ա˜խ, ինձ համար քուն չըկա:

Լուսնյակն ընկավ երդիկից ներս,
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթընշողես
Աստղերի հետ են զըրցում:

Սիրո՛ւն աստղե˜ր, անուշ հովե˜ր,
Յարըս ո՞ւր է էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր:

Լուսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է, – թոն կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա˜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա…
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment